Դիլիջանում բացվել է «Workation Տուն Արմենին»

17.02.2023

Փետրվարի 14-ին Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագծին աջակցել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը։  

 

Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի 120 քառ․մ մակերես: Ընդհանուր տարածքում տեղավորվում է 18 անձ, կա առանձին հանդիպումների սենյակ, բացօթյա պատշգամբ, որից կարելի է օգտվել տաք եղանակին: Համաշխատանքային տարածքը հագեցած է գերարագ Wi-Fi-ով, աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Հյուրերի համար հասանելի են տաք ըմպելիքներ, քաղցրավենիք և միրգ։

 

Workation-ը նախատեսված է դառնալու նոր տարածք հարմարավետ աշխատանքի, ուսման և միջոցառումների կազմակերպման համար: Համաշխատանքային տարածքից՝ քովորքինգից, կարող են օգտվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը: Workation-ը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ կապույտ տնակ:

 

Նոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջանի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

 

Workation Toon Armeni-ին նախատեսված է վարպետության դասերի, շնորհանդեսների,  փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար: Բացի այս ամենից, թիմը նախատեսում է պարբերաբար կազմակերպել քննարկումներ և դասախոսություններ՝ կապված զբոսաշրջության, փոքր բիզնեսի և այլ թեմաների հետ՝ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։

 

EU4Business ITTD ծրագրի տուրիզմի կոմպոնենտի ղեկավար Սեբաստիան Ֆալքը նշել է․ «Մեր ծրագիրը նպատակ ունի զարգացնել Հայաստանի մարզերում, մասնավորապես նպաստել մարզերում տնտեսության զարգացմանը։ Տուրիզմը տնտեսութան կարևոր ճյուղերից է։ Նմամ նախաձեռնությունները մարզերում ստեղծում են նոր ծառայություններ, ինչի շնորհիվ տուրիստը երկար է մնում տվյալ մարզում կամ քաղաքում, հետևաբար նաև ավելի շատ գումար է ծախսում՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տվյալ մարզի տնտեսության զարգացմանը»։