Նախարար Սվենյա Շուլցեն այցելել է Հայաստանում SAP Startup Factory և Թումո

01.07.2022

Հուլիսի 1-ին Հայաստան կատարած իր երկօրյա այցի շրջանակում ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն և իր գլխավորած պատվիրակությունն այցելել են SAP Startup Factory By Bana։  

 

Այցելության վայրը պատահական չէր ընտրվել։ SAP Startup Factory հիմնվել է գերմանական SAP ընկերության և Business Angel Network Armenia ցանցի համագործակցությամբ և GIZ Հայաստանի աջակցությամբ։

 

Հանդիպման ընթացքում նախարարին և հյուրերին GIZ Հայաստանի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը և EU4B ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն ներկայացրեցին SAP Startup Factory-ին ցուցաբերած աջակցության կարևորությունն ու առանձնահատկությունները։

 

SAP Startup Factory by BANA-ն չափազանց կարևոր է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար: Նախագիծը հայկական ստարտափներին համաշխարհային ասպարեզ դուրս գալու աննախադեպ հնարավորություններ է ընձեռում։ Գործունեության իրականացման ընթացքում որոշվել է, որ SAP Startup factory by BANA-ն կարող է տարածաշրջանային կենտրոն դառնալ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների և ընդհանուր առմամբ Արևելյան Եվրոպայի ստարտափների համար՝ SAP հարթակում ինտեգրվելու համար:

 

Հանդիպման ընթացքում աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրի մասնակիցներից TACTUN, GOTCHA և Prelaunch.com-ը նույնպես հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ստարտափները, որից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում ստարտափների արտադրանքի ու դրանց գերմանական շուկա մտնելու հնարավորությունների մասին։

 

Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի մասին առավել լայն պատկերացում կազմելու համար նախարարը SAP Startup factory by BANA այցելությունից հետո այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (TUMO Center for Creative Technologies), որն անվճար կրթական փորձառություն է, որում պատանիներն իրենք են գծում իրենց կրթական ուղին: Հայաստանում 12-ից 18 տարեկան ավելի քան 20,000 պատանի այցելում է Թումո կենտրոններ՝ ամեն շաբաթ տեղեկանալու և սովորելու տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտի նորագույն ձեռքբերումների մասին։

 

Այցելության ընթացքում հյուրերը ծանոթացան Թումոյի կրթական ծրագրերին, ինչպես նաև ընդլայնման հեռանկարներին։

 

2020 թվականին արդեն իսկ բացվել է Թումո Բեռլինը՝ նախաձեռնելով Թումոյի երկարատև համագործակցությունը KfW զարգացման բանկի հետ: Թումոն և KfW զարգացման բանկը 2022 թվականի փետրվարին համաձայնագիր են ստորագրել Գերմանիայում ԹՈՒՄՈ կենտրոնների և արկղերի ցանց ստեղծելու վերաբերյալ։

 

Ներկա պահին Թումոն համատեղ նախագիծ ունի EU4B ITTD ծրագրի հետ։

 

Հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում, որոնց ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց նման հետաքրքիր վայրերի ընտրության և հաճելի ընդունելության համար՝ բոլորին ցանկանալով նորանոր ձեռքբերումներ։