Զարգացնելով զբոսաշրջությունը Լոռու մարզում

20.12.2021

ՔՈԱՖ-ը, ԵՄ-ն, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) զարգացնում են զբոսաշրջությունը Լոռու մարզում

 

ՔՈԱՖ-ը, համագործակցելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ, աշխատում է՝ ավելացնելու զբոսաշրջիկների հոսքը դեպի Լոռի՝ ի ցույց դնելով մարզի բնական ու մշակութային գանձերը։ Լոռու մարզում զբոսաշրջության զարգացումը նպաստելու է տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական ակտիվությանը։ Այս նախաձեռնության շրջանակներում Դեբեդի կիրճի վրա կկառուցվի դիտակետ, որտեղից կբացվի հիանալի տեսարան դեպի կիրճը՝ ի ցույց դնելով վերջինիս գրավչությունը, թե’ իր չափերով, թե’ մատուցած ծառայությունների տեսակով կընդլայնվի ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը, ինչպես նաև ժամանակակից արվեստի գործեր կտեղադրվեն ՍՄԱՐԹ ավանի տարածքում։

 

Այս նախագիծն իրականացվում է ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ, ԵՄ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ։

 

Այս նոր համագործակցության արդյունքում նաև շարունակում ու ընդլայնում ենք այն ծրագրերը, որ մեկնարկել էինք դեռ 2020թ. Տեղական ժողովրդավարական գրասենյակների գործակալության (ALDA) հետ միասին՝ միտված Դեբեդի կիրճը պահանջված զբոսաշրջային ուղղության վերածելուն։ Զարգացնելով Լոռու զբոսաշրջային ներուժը, նոր քայլարշավային արահետներ հիմնելով, զբոսաշրջային տարբեր պարագաների վարձակալության հնարավորություններ ստեղծելով, ոլորտի աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատելով՝ մարզում զբոսաշրջության զարգացման ամուր հիմքեր են դրվում։

 

ՔՈԱՖ-ը Լոռին զբոսաշրջային ուղղության վերածելու փորձն արդեն ունի՝ շնորհիվ իր ՍՄԱՐԹ ավանի, որ այս պահին ներառում է ՍՄԱՐԹ կենտրոնը, Կոնցեպտ հյուրանոցը, այցելուների կենտրոնը։ ՍՄԱՐԹ կենտրոնը, լինելով կրթական հաստատություն, նաև բազմաթիվ միջոցառումների ու համաժողովների անցկացման վայր է։ Կոնցեպտ հյուրանոցը ողջ տարին հյուրեր է ընդունում Հայաստանի տարբեր մասերից ու արտերկրից, իսկ այցելուների կենտրոնը զբոսաշրջիկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, զբոսաշրջային տարբեր պարագաների վարձակալման, ինչպես նաև սնվելու, հանգստանալու, անգամ հեռախոսը լիցքավորելու հնարավորություն։

 

GIZ-ի հետ համագործակցությունը կբազմապատկի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործադրվող մեր ջանքերը՝ հնարավորություն տալով ավելի բարձրացնել մարզի գրավչությունը։ Դեբեդի կիրճի բացօթյա դիտակետը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա հիանալ բացվող տեսարանով, իսկ նոր քայլարշավային ու հեծանվային արահետները թույլ կտան այցելուներին բացահայտել տարածաշրջանի ֆլորան ու ֆաունան։ ՍՄԱՐԹ ավանի տարածքում տեղադրվող ժամանակակից արվեստի գործերը մարզում առկա դարերից եկող կոթողների հետ միասին կգոհացնեն մշակության ժառանգությունը գնահատողներին։ Այցելուների կենտրոնն էլ իր հերթին զբոսաշրջիկներին կապահովի սնվելու, հանգստանալու, զբոսաշրջային ուղղություններին ծանոթանալու, անհրաժեշտ իրեր վարձակալելու հնարավորությամբ։ Իսկ ստեղծվելիք բջջային հավելվածն իր մեջ կպարունակի այն ողջ տեղեկատվությունն ու խորհուրդները, որոնց կարիքը զբոսաշրջիկներն ունեն։ Այս ամենին զուգահեռ նաև աշխատանք է տարվելու մարզի՝ զբոսաշրջային ու հյուրասիրության ոլորտի աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացման ուղղությամբ։

 

Մամուլի հաղորդագրությունը տրամադրվել է COAF-ի կողմից