Նեյրոհաբ ապագան ներկայում կամ նեյրոմարքեթինգ

Ինչպե՞ս ճանաչել մարդու գլխուղեղի առանձնահատկություններն ու ստեղծել ապագայի պրոդուկտներ, ինչպե՞ս է հնարավոր ազդել հաճախորդների վրա, ստեղծել պահանջարկ, հետազոտել ու ստեղծել այնպիսի գովազդ կամ պրոդուկտ, որ անկասկած կգրավի սպառողի ուշադրությունը: Սա ամենևին էլ գիտաֆանտաստիկ ֆիլմից հատված չէ, այլ՝ գիտություն, որը կոչվում է նեյրոմարքեթինգ:

 

5 տարի առաջ, երբ Անի Կյուրեղյանն առաջին անգամ բացահայտեց նեյրոմարքեթինգի մասին, որոշեց, որ պետք է ամեն ինչ իմանա գիտության այս նոր ճյուղի մասին: Առաջին քայլը՝ միջազգային դասընթացների գրանցվելն ու մասնակցելն էր: Առաջին անգամ Անին արտասահմանում լսեց նեյրոմարքեթինգի մասին ու որոշեց մասնակցել նեյրոմարքեթինգի մասնագիտացված դասընթացների: Հենց այդ ժամանակ էլ Անին որոշեց, որ պետք է նեյրոմարքեթինգի ասպիրանտուրա ընդունվի, սակայն Հայաստանում 2008-2009 թվականներին չգիտեին նեյրոմարքեթինգի մասին, հետևաբար չկար նաև կրթական ծրագիր, որով հնարավոր էր սովորել Հայաստանում: Սա դարձավ պատճառ, որ Անին հիմնի Հայաստանում առաջին նեյրոմարքեթինգով զբաղվող ընկերությունը. այսպես ստեղծվեց Neurohub Business Academy-ին:

 

NeuroHub-ը ոչ միայն Հայաստանում է միակը, այլև՝ ամբողջ տարածաշրջանում:

 

«Տարիներ առաջ, երբ ասում էի նեյրոմարքեթինգ, բոլորը ծիծաղում էին ու ասում՝ այդ ի՞նչ է: Ոչ ոք այն ժամանակ չգիտեր թե դա ինչ է ու ինչեր կարելի է անել նեյրոմարքեթինգով։ Ասում էին՝ Հայաստանի ինչի՞ն է դա ընդհանրապես պետք, մենք փոքր երկիր ենք»,- ասում է Անին ու ժպիտով պատմում, թե ինչպես էին մարդիկ զարմանում, երբ ներկայացնում էր նեյրոմարքեթինգի հնարավորություններն ու գործիքները:

 

Նեյրոտեխնոլոգիաների շնորհիվ կարելի է մշակել այնպիսի պրոդուկտներ, որոնք նույնիսկ 50 կամ 100 տարի հետո կունենան պահանջարկ: Սակայն հայկական շուկան դեռևս պատրաստ չէր նեյրոտեխնոլոգիաների կիրառմանը: Այդ պատճառով էլ Անին, որոշեց առաջին հերթին նախապատրաստել մարդկանց, սովորեցնել և հետո միայն ծանոթացնել նեյրոմարքեթինգի գործիքներին, որոնցով հնարավոր է չափել և ստուգել ցանկացած պրոդուկտի էֆֆեկտիվությունը:

 

2018 թվականին Անին առաջին անգամ Հայաստան բերեց EEG սարքը, որը չափում է գլխուղեղի ալիքները: Նեյրոմարքեթինգը դասական մարքեթինգից տարբերվում է նրանով, որ հետազոտությանը կարող է մասնակցել ցանկացած մարդ, և ոչ թե հատուկ ընտրված մարդկանց խումբ, որովհետև նեյրոմարքեթինգի նպատակը նույն պրոդուկտն ամենատարբեր մարդկանց հասցնելն ու վաճառելն է:

 

Սակայն նեյրոմարքեթինգի լիարժեք լաբորտաորիա ունենալու համար միայն EEG սարքը բավարար չէր խորը հետազոտություններ իրականացնելու համար: Գերմանիայի միջազգային համագործակցության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ Անին Հայաստան բերեց նաև առաջին EyeTracker սարքը, որն առաջին հայացքից նման է սովորական ակնոցի: Բայց այս ակնոցով հնարավոր է հետազոտել, չափել թէ մարդը քանի վայրկյան է նայել նույն կետին, արդյոք հավանե՞լ է տեսածը, թե՞ ոչ: Այս գործիքի միջոցով սարքը գտնում է այն թաքնված բանալիները, որով հնարավոր է ազդել մարդու ենթագիտակցության վրա: Արդյունքում կարելի է ստանալ այնպիսի գովազդ, որը չունի իմաստ, հատուկ տրամաբանություն, բայց մեկ անգամ դիտելուց հետո անհնար է այն մոռանալ: Կամ կարելի է EyeTracker-ի միջոցով սուպերմարկետը դասավորել այնպես, որ հաճախորդի համար մաքսիմալ հարմարավետ լինի գնումներ կատարելը և ոչ մի ապրանք աչքաթող չլինի:

 

Նեյրոմարքեթինգը գերժամանակակից գործիք է, որը կարելի է կիրառել գրեթե բոլոր ոլորտներում՝ տեսահոլովակներ ստեղծելիս, ելույթներ գրելիս կամ գովազդներ ստեղծելիս: Օրինակ նեյրոմարքեթինգի օգնությամբ կարելի է գրել այնպիսի ազդեցիկ ելույթ, որը կտպավորի ցանկացած մարդու: Կամ կարելի է այս սարքի միջոցով ստուգել թե այցելուն որևէ կայք այցելելիս ինչպե՞ս է առաջնորդվում, ի՞նչը նպաստեց, որ այցելուն գնում կատարի կամ ոչինչ չգնի:

 

Այսուհետև, ցանկացած ընկերություն/բիզնես, որը ցանկանում է ստեղծել ազդեցիկ ու տպավորիչ պրոդուկտ կարող է դիմել NeuroHub-ին և պատվիրել առանձին հետազոտություն գերժամանակակից նեյրոմարքեթինգի սարքերով:

 

Իսկ աշխարհը շատ վաղուց կիրառում է նեյրոմարքեթինգը, որպես պրոդուկտը զարգացնելու ամենաէֆեկտիվ միջոց: Որոշ ընկերություններ նույնիսկ հրապարակում են նեյրոմարքեթինգի ոլորտում իրենց հետազոտությունների արդյունքները՝ գիտական հոդվածի տեսքով:

 

Անին նպատակ ունի Հայաստանը դարձնել նեյրոմարքեթինգի տարածաշրջանային էպիկենտրոն, որպեսզի բոլոր խոշոր ընկերությունները իրենց մարքեթինգային հետազոտությունները վստահեն հայկական ընկերությանը: