Բարձրությունը Շիրակ

19.07.2021

Անցյալ շաբաթ մեր թիմը «ԿԱԶԱ» հիմնադրամի հրավերով այցելել էր Գյումրի։ Այցի նպատակն էր հիմնադրամի կողմից մշակված «Բարձրությունը Շիրակ» նախագծի շրջանակներում մասնակցել մի զարմանահրաշ քվեսթի ու յուրովի բացահայտել քաղաքը, ընկղմվել նրա պատմության մեջ, բացահայտել գաղտնիքներ ու զգալ հին քաղաքի շունչը։

 

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կողմից արժանացել է դրամաշնորհի։ Մշակվել է զբոսաշրջային 4 փաթեթ ընտանեկան տուրիզմի համար, մասնավորապես երեխաներով ընտանիքների համար։ Փաթեթներն իրենցից ենթադրում են կրթության վրա հիմնված այլընտրանքային և որակյալ ընտանեկան հանգիստ, ինչն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրիի  ուսումնական կենտրոնի և հյուրատան կողմից։   

 

Փաթեթների հիմքում ընկած է բարձրության գաղափարը, ինչը պատահական չէ, քանի որ բարձրությունը մեծ դեր է խաղում Գյումրին ու Շիրակը նկարագրելիս։ Բոլոր փաթեթներն ունեն բարձրությունը խորհրդանշող որևէ տարր, և նախագծի անունն էլ հենց սրա հիման վրա է ընտրվել՝ «բարձրությունը Շիրակ»:

 

Քվեսթը, որին մասնակցում էր մեր թիմը, նախատեսված էր ինչպես ծնողների, այնպես էլ 5-ից բարձր տարեկան երեխաների համար։ Երթուղին այնպես էր նախագծված, որ յուրաքանչյուր կանգառ ենթադրում էր մի անկանխատեսելի հանդիպում, գործողություն և փորձառություն: Բոլոր կանգառները տրամաբանորեն կապված են իրար հետ և ենթադրում են շարունակականություն:

 

Ծրագրի քարտեզը մեզ տանում էր քաղաքի ամենահետաքրքիր ու խորհրդավոր վայրերով՝ տարածաշրջանի ամենահին տիկնիկային թատրոնից մինչև Ձիթողցոնց տուն-թանգարան, Կլկլանից մինչև ավիամոդելային խմբակ։ Ճանապարհին հանդիպում էինք մի շարք հերոսների, ստանում նրանց հուշումները ու հայտնվում իսկական մի հեքիաթում։ Ծրագրի ավարտին մեր խմբի ամենաերիտասարդ մասնակիցները ստացան օդաչուի որակավորման սերտիֆիկատ և արժանացան ուսադիրների։

 

Շնորհակալ ենք հիանալի օրվա համար։ Մենք ձեզ անպայման նորից կայցելենք՝ նոր արկածների ակնկալիքով։