«ՔՈԱՖ փառատոն»․ արվեստի, արհեստի ու երաժշտության տոն

16.09.2023

Սեպտեմբերի 16-ին Քոաֆ Սմարթ կենտրոնում տեղի ունեցավ COAF FEST-ը՝ արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև Ardēan / Արդեան-ի (հեղինակ՝ Vasken Brudian) արվեստի գործերը՝ 12 նուրբ նմուշների հավաքածու՝ ոգեշնչված տարածաշրջանի հնագույն վանքերից և հարուստ մշակութային ժառանգությունից:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի» (COAF) գլոբալ գործադիր տնօրեն պարոն Արա Բարսամը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տիկին Սիլյա Կասմանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակութային և տնտեսական հարցերով կցորդ պարոն Ֆլորիան Ֆոգտը, «Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) պորտֆոլիոյի ղեկավար տիկին Լետիցիա Կարնևալին:
 
Փառատոնը համախմբել էր մի շարք տաղանդավոր հայ երաժիշտների, հմուտ արհեստավորների և տեղական սննդամթերք արտադրողների՝ նպատակ ունենալով ներկայացնել Լոռու մարզը, բարձրացնել նրա գրավչությունը որպես զբոսաշրջային վայր և ընդհանուր առմամբ խթանել մարզի տնտեսական զարգացումն ու աճը:
 
COAF Fest-ն ավելի մեծ «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի անբաժանելի բաղադրիչն է: Այն COAF-ի և ITTD-ի համատեղ նախաձեռնությունն է, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության կողմից: Մենք անչափ ուրախ ենք լինելու այս հիանալի նախաձեռնության մասնիկը։
 
Տկն. Լետիցիա Կառնևալի՝ Հայաստանում Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) պորտֆոլիոյի ղեկավարը նշել է․ «Հուսով եմ, որ այս գեղեցիկ արվեստի գործն ըստ արժանվույն կգնահատվի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից։ Այն, Լոռվա գեղատեսիլ բնության հետ միասին, այս մարզը կարող է շատ ավելի գրավիչ դարձնել։ Արվեստի գործերը հաճախ տևական տպավորություն են թողնում այցելուների վրա, ինչի արդյունքում տվյալ վայրն այցելելու հավանականությունն ավելի է մեծանում: Այս ամենի հետ մեկտեղ, նման մեծ փառատոնները կարող են որոշիչ դեր խաղալ մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացման ու բրենդավորման գործում՝ այն ներկայացնելով որպես կենսունակ, մշակութային և նորարարական կենտրոն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դոնոր կառույցներին՝ Եվրոպական միությանն ու ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանը, որ հավատում են նման նախագծերին և կիսում են մեր ոգևորությունը դրանց իրականացման հարցում»: