Գյումրիում բացվել է «Օդա» մշակութային տունը

06.06.2023

Ս․թ․ հունիսի 6-ին Գյումրիի Տիգրան Մեծի 11 հասցեում տեղի է ունեցել «Օդա» մշակութային տան պաշտոնական բացումը։  Պաշտոնական բացմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, «Գերմանական միջազգային համագործակցության (GIZ)» հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, և մի շարք այլ պատվավոր հյուրեր։

 

«Օդա»-ի նպատակն է կապել անցյալը, ներկան և ապագան։ Նախկինում «Օդա»-ն եղել է տուն-հավաքատեղի, որտեղ մարդիկ հավաքվել են հեքիաթասացության, զրույցների, երգերի շուրջ։ Շատ հաճախ հենց ի շնորհիվ օդաների է պահպանվել և մեզ հասել բանավոր մշակույթը։ «Օդա»-ն մշակութապահպան գործառույթ է ունեցել։

 

«Օդա»-ի հիմնադիր Հրաչ Վարդանյանը նշել է․ «Նորաբաց «Օդա»-ն սոցիալ-մշակութային նախաձեռնություն է։ Այստեղ լինելու են բազմաթիվ մշակութային թեմատիկ օրեր՝ երաժշտությանը, արվեստին, պոեզիային նվիրված: «Օդա»-ն նոր կյանք է տալու հին ավանդույթներին։ Այն նպատակ ունի նաև նպաստել Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այսօր աշխարհում մեծ թափ է ստանում մշակութային զբոսաշրջությունը»։

 

«Օդա»-ի ստեղծմանն աջակցել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային հանրապետության կողմից և իրականացվում է GIZ-ի կողմից։ 

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը նշել է․ ««Օդա» մշակութային տանը ցուցաբերվող աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցում է Եվրոպական միության հանձնառությունը մշակութային փոխանակումների խթանմանը և երկրների բազմազան ժառանգության պահպանմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է մշակութային զբոսաշրջության զարգացմանը: Հուսով եմ, որ «Օդա»-ն կդառնա ոգեշնչման վայր, ինչպես նաև այնպիսի մի անկյուն, որտեղ ավանդույթներն ու նորարարությունները ներդաշնակորեն գոյակցում են»:

 

GIZ Հայաստանի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը նշել է․ ««Օդա» մշակութային տունը տեղական փոքր բիզնեսի զարգացման հիանալի օրինակ է, որին մենք ուրախ ենք աջակցել մեր նախագծերի միջոցով: Հին հայկական «Օդա»-ի` մշակութային հավաքների վայրի վերածնունդը հրաշալի միջոց է մշակութային ժառանգությունը պահպանելու և տեղացիներին ու զբոսաշրջիկներին եզակի ու աուտենտիկ փորձ փոխանցելու համար»:

 

Իրենց գաղափարներով և փորձով «Օդա»-ի ստեղծմանն աջակցել են նաև ավստրիացի մշակութային մենեջեր և արվեստագետ Էլիզաբեթ Հանդլը, գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերը և բազմաթիվ այլ արվեստագետներ արտերկրից և Հայաստանից։