Սահադաշտի ու Վերնիսաժի պաշտոնական բացումը

03.02.2023

Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի ունեցավ սահադաշտի և Վերնիսաժի պաշտոնական բացումը։  

 

Ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, սառցե շոու և այլն․ պաշտոնական բացումն ուղեկցվեց մշակութային ծրագրով, որին մասնակցեցին Գյումրի համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։

 

Այժմ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար Գյումրիի Բարեկամության այգում կգործի հանրային սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր՝ նորարարական լուծումներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։ 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, յուրօրինակ դիզայն ունեցող հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։

 

Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների և արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։ Մշակութային քաղաք Գյումրիում ակնհայտ էր Վերնիսաժ ունենալու անհրաժեշտությունը, ուստի սա լինելու է առաջինը իր տեսակով։ Վերնիսաժի ֆունկցիոնալ տաղավարները, որոնք կարող են փոխել իրենց կառուցվածքն ու կիրառությունը` ըստ անհրաժեշտության դառնալով սննդի կետեր կամ շրջիկ պատկերասրահներ, իրենց ձգվող հովանիների զարդանախշերով ներկայացնում են ազգային գորգագործության լավագույն ավանդույթները: Զարդանախշերը մշակել են մի խումբ գյումրեցի արվեստագետներ, հիմքում դնելով գորգարվեստի ամենահին ու եզակի, ամենաբարդ ու շքեղ նմուշները` Վիշապագորգերը:  

 

Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից և իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

 

«Քանի որ Հայաստանում համաչափ տնտեսական զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, նման նախաձեռնությունները, ինչպիսին է Բարեկամության այգին, վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության աճի և բարգավաճման համար: Կասկած չունեմ, որ այս այգին Գյումրիում զբոսաշրջության կատալիզատոր է լինելու և նոր շունչ կհաղորդի Շիրակի մարզին։ Այս այգին պարզապես նոր հանրային վայր չէ Գյումրու համար: Այն վկայում է պատմությամբ և մշակույթով հարուստ այս գեղեցիկ քաղաքի վերածննդի մասին: Ես հպարտ եմ, որ Եվրոպական միությունն աջակցում է այս ծրագրին»,-ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան, Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը։ 

 

«Շիրակի մարզը մեզ համար շատ կարևոր մարզ է։ Գերմանիայի կառավարությունը շարունակաբար աջակցել է այստեղ տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։ Դրանցից շատերն ուղղված են եղել զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այս տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը շատ մեծ է։ Բավական է մի վայրկյան շրջել Գյումրի քաղաքի հին պատմական հատվածով ու միանգամից համոզվել դրանում։ Վստահ եմ, որ վերանորոգված այգին կսիրվի ոչ միայն տեղաբնակների կողմից, այլ նաև զբոսաշրջիկների եւ կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Ն․Գ․ Վիկտոր Ռիխտերը։

 

«Գյումրին արդեն իսկ շատ սիրված զբոսաշրջային վայր է։ Բարեկամության այգին էլ, իր հերթին, հնարավորություն կտա տարվա ցանկացած եղանակին այցելել Գյումրի և հետաքրքիր զբաղմունք գտնել։ Ես կցանկանայի սահադաշտում տեսնել ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերի: Ինչ վերաբերվում է Վերնիսաժի տաղավարներին, ապա դրանք այգուն յուրահատուկ գրավչություն են հաղորդում, քանի որ արտահայտում են տեղի ստեղծագործական ոգին։ Վստահ եմ, որ այգին կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կգան այստեղ, ժամանակ և գումար կծախսեն և այդպիսով անմիջական ազդեցություն կունենան տեղական տնտեսության զարգացման վրա»,-ասաց ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն։ 

 

Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

 

ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

 

«ՀՀ կառավարությունը կարևորում է Գյումրու զարգացումը, մասնավորապես, շեշտը դնելով զբոսաշրջային, մշակութային, տնտեսական միջավայրի բարելավմանը։ Եվ Բարեկամության այս այգին էլ լինելու է մի ուրույն հանգրվան և գեղեցիկ ժամանցի վայր թե՛ գյումրեցիների, և թե՛ Գյումրի այցելող հյուրերի համար»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

 

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

 

Այգին ավելի քան 50%-ով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024 թ ամռանը։

 

Մամուլի հաղորդագրությունը պատրաստվել է TUF հիմնադրամի կողմից։