CaseKey բիզնես խնդիրների մրցույթ 2022

21.11.2022

Օրերս ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey Business Case Competition 2022 մրցույթի եզրափակիչ միջոցառումը:

 

CaseKey Business Case-ը ձեռներեցության մրցույթ է ուսանողների և երիտասարդ մասնագետների միջև՝ նպատակ ունենալով խթանել հայկական բիզնես էկոհամակարգի և կրթական հաստատությունների համագործակցությունը և բացահայտել մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդներին։

 

Եզրափակչին հասնելու ճանապարհը երկար է եղել՝ շուրջ 7 ամիս, որի ընթացքում տարբեր ԲՈՒՀ-երից ներգրավված թիմեր աշխատել են տարբեր բիզնես խնդիրների լուծման վրա։

 

Ծրագրի բազմաթիվ աջակիցների թվում է նաև ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը, որի աջակցության շրջանակում մասնակիցների առջև խնդիր էր դրվել հանդես գալ «Արմաթ ինժեներական լաբորատորիաների» միջազգայնացման առաջարկներով, մասնավորապես ներկայացնելով՝

  • ճիշտ բիզնես մոդել,
  • ընդլայնման թիրախներ,
  • միջազգային բրենդինգ։

 

Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորում են կիրառել իրենց ակադեմիական գիտելիքներն իրական բիզնես խնդիրների լուծման նպատակով։ Թիմերը ստանում են գործող հայկական բիզնեսից իրական խնդիրներ՝ ունենալով 72 ժամ իրենց լուծումները պատրաստելու և ներկայացնելու համար։ Ծրագրի ողջ ընթացքում թիմերի հետ աշխատում են մի շարք մարզիչներ Հայաստանի առաջատար կրթական ու բիզնես հաստատություններից։  

 

Տարբեր ոլորտներից ներգրավված ժյուրին, որի կազմում էր նաև ITTD ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանը, ընտրեց ամենաիրատեսական լուծումներն ու առաջարկները՝ Արմաթների միջազգայնացումը հաջողելու համար։

 

Մարիամ Բաբայանը նշում է․ «Ուրախ եմ, որ Հայաստանում կա նման ծրագիր։ Այն երկկողմանի շահեկան նախաձեռնություն է։ Մի կողմից այն օգնում է երիտասարդներին կողմնորոշվել իրենց հետագա մասնագիտական զարգացման հարցում՝ նրանց մոտ ձևավորելով որոշումների կայացման մշակույթ և բիզնես մտածելակերպ, իսկ մյուս կողմից օգնում է կազմակերպություններին գտնել նորարար ու հետաքրքիր գաղափարներ իրենց խնդիրների լուծման համար։ Մասնավորապես Արմաթների խնդրի քննարկումը կօգնի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը» գտնել առաջարկվող լուծումների փաթեթներից լավագույնը՝ Արմաթների միջազգայնացման գործում»։    

 

Եզրափակիչ միջոցառումը սկսվեց պանելային քննարկմամբ, որի թեման էր Հայաստանի թվայնացումը, մասնավորապես e-Government հարթակի կիրառելիության բարձրացումը։

 

Այնուհետև թիմերը ժյուրիի դատին ներկայացրեցին՝ նախապես իրենց ներկայացված իրական բիզնես խնդրի լուծումները։ Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց «Supernova» թիմը։

 

Թիմերի լավագույն ներկայացուցիչները հնարավորություն են ստանում ներկայացնել Հայաստանն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կայանալիք բիզնես խնդիրների միջազգային մրցույթում։