Տավուշի տուրիստական ակումբի առաջին հանդիպումը

24.12.2021

Դեկտեմբերի 24-ին «Դիլիջանի երկրագիտական թանգարան – պատկերասրահում» տեղի ունեցավ Տավուշի տուրիստական ակումբի (ՏՏԱ) առաջին հանդիպումը, որին միացել էր շուրջ 25 զբոսաշրջային կազմակերպություն Տավուշից, ինչպես նաև մի շարք հյուրեր:

 

Միջոցառման նպատակն էր ներկայացնել «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում` Տավուշի տուրիզմի ակումբի (ՏՏԱ) ստեղծման միջոցով» ծրագիրը, որին ֆինանսական աջակցություն է տրամադրվել ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի միջոցով։  

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՏՏԱ-ի նպատակները, առավելություններն ու հնարավորությունները, որոնք ակումբն առաջարկում է իր անդամներին կարողությունների զարգացման և ընդլայնման համար։ Բացի դրանից մասնակից ընկերությունները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գործունեությունը, շփվել միմյանց հետ, ստեցծել նոր կապեր և կիսվել իրենց փորձով՝ ապագա համագործակցության հիմք ստեղծելով ՏՏԱ հարթակում։

 

Միջոցառմանը ներկա էին նաև ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչները, որոնք հանդես եկան ողջույնի խոսքով։

 

«Ակումբի նպատակն է տուրիզմի ոլորտում գործող ընկերությունների միջև ստեղծել փոխշահավետ բիզնես կապեր։ Բացի այդ կլինեն քոուչինգ և խորհրդատվական դասընթացներ, որոնք նպատակ ունեն լուծել մասնակից ընկերությունների մի շարք խնդիրներ», - նշել է «Մոդուս քոնսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն և ՏՏԱ նախաձեռնության հեղինակ Մարգարիտա Հակոբջանյանը։

 

«Նման նորարար մոտեցումները շատ կարևոր են հատկապես մարզերում, քանի որ դրանք փոխում են ոլորտի զարգացման վեկտորը։ Մենք լիահույս ենք, որ ակումբի գործունեության շնորհիվ Տավուշում կունենանք ավելի դիվերսիֆիկացված ու որակյալ տուրիստական պրոդուկտներ, ինչպես նաև բացի խոշոր համայնքներից կունենանք տուրիզմի զարգացում փոքր համայնքների մասշտաբով նույնպես, ինչը մեր ծրագրի համար առանցքային է», - նշել է ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հյուսիսային գրասենյակի պատասխանատու Հովհաննես Քանդիլջյանը։