Աջակցություն Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը

08.11.2021

ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի աջակցությամբ հոկտեմբերի 29-ից 31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ DigiTec 2021 ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 01-ից 03-ը Motor Yerevan-ում անցկացվեց DigiWeek Summits-ը։ Այս միջոցառումները միավորում են Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան։

 

2005 թվականից ի վեր Digitec Expo-ն տարածաշրջանի ամենամեծ ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն է, որտեղ ավելի քան 100 ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը, ծառայություններն ավելի քան 50,000 մասնակցի՝ կառավարությունից, B2B-ից, կրթության ոլորտից և B2C-ից:

 

Digitec Summit-ի մեկնարկային միջոցառումը տեղի ունեցավ Digitec Expo-ին զուգահեռ՝ հոկտեմբերի 29-ին և 30-ին: Digitec Summit-ը՝ որպես համաշխարհային համաժողով, այս տարի կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես են զարգացող տեխնոլոգիական կողմնորոշում ունեցող ​​երկրներն արձագանքում գլոբալ մարտահրավերներին և հնարավորություններին: Կոնֆերանսը բաղկացած էր մի շարք հիմնական պանելային քննարկումներից, որոնք վարում էին միջազգային տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող լրագրողներ։ Այն ներառում էր ինչպես offline, այնպես էլ online մասնակցություն առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների, քաղաքականություն մշակողների, հետազոտական և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների կողմից:

 

DigiWeek 21 «Գիտության և կայունության գագաթնաժողով»-ին մասնակցում էր նաև ITTD-ի նորարարության և գիտության բիզնես կապերի հարցերով խորհրդատու Դավիթ Քարտաշյանը։ Իր խոսքում նա նշել է. «Հայաստանում գիտության ոլորտի հետագա զարգացմանը խոչընդոտող իրական խնդիրներից մեկն այլ ոլորտների հետ ամուր կապի բացակայությունն է: Դա հաղթահարելու համար ITTD ծրագիրն իրականացնում է տարբեր նախագծեր գիտության, բիզնեսի և կրթության միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ»: