Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության բացման արարողություն

11.09.2021

Սեպտեմբերի 11-ին, Տավուշի մարզկենտրոն Իջևանում, տեղի ունեցավ  «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

 

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները` ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի տուրիզմի բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալկի գլխավորությամբ, ինչպես նաև համայնքային և մարզային իշխանության ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտում ներգրավված գործարարներ և անհատներ։

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեց կազմակերպության պատմությունը, կազմակերպության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, ինչպես նաև Տավուշի մարզի զբոսաշրջային ներուժի ընդլայնմանը միտված հեռահար ծրագրեր ու տեսլականը։

 

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն` որպես ՀՀ-ում զբոսաշրջային դեստինացիաների կառավարման համայնքահեն մոդելով աշխատող առաջին նմանատիպ կազմակերպություն, նպատակ ունի նպաստելու Տավուշի մարզում զբոսաշրջության կայուն զարգացմանը, որի շրջանակներում փորձում է հիմքեր ստեղծել զբոսաշրջության տարածական ինստիտուցիոնալիզացման համար։

 

Կազմակերպությունը գործում է 2013 թ․-ից և մինչ օրս չի ունեցել գրասենյակ, որն առավել արդյունավետ կդարձներ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ 2021 թ․-ին ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ կազմակերպությունը վարձակալել է աշխատանքային տարածք և ձեռք բերել գրասենյակային և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույք։